Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ. լուսանկար

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։