ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում 2022 թվականին հանցագործությունների թիվն աճել է։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազին են զեկուցել վարչական շրջանների դատախազները` 2022 թվականի գործունեության արդյունքների անփոփման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ դատախազները ՀՀ գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ։
Օրինակ` Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում գրանցվել է սպանության փորձի 4 դեպք, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 12 դեպք , սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 7 դեպք։ Աճել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը` հասնելով 103–ի, 2021 թվականի 68–ի փոխարեն:
Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանում աճել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Գրանցվել է 1358 դեպք։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս վարչական շրջանում աճել են։ 2022 թվականին գրանցվել է 153 դեպք, 2021–ի 61–ի փոխարեն։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք։ Աճել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը` 141 դեպք 2021 թ.–ի 71–ի փոխարեն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք։ Իսկ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերը հասել են 167–ի, նախորդ տարվա 94–ի փոխարեն:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը նույնպես աճել է հասնելով 290–ի։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերը եղել են 252, 2021 թվականի 233–ի փոխարեն։
Բոլոր վարչական շրջաններում նվազել է միայն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը։
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը և քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: