ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության անդամներին թույլ չեն տվել Վիեննայում մասնակցել ծաղիկներ դնելու արարողությանը, Խորհրդային մարտիկների հուշարձանին նրանց անունից ծաղկեպսակ են դրել արտասահմանում գործող ռուսական կառույցների ներկայացուցիչները: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին։
«Վիզաներ տրամադրելիս նրանցից պահանջել են յուրատեսակ հայտարարագիր ստորագրել այն մասին, որ պարտավորվում են չմասնակցել որևէ միջոցառման, որն ընդգրկված չէ խորհրդարանական վեհաժողովի ծրագրում։ Դա, ցավոք սրտի, վերաբերել է նաև մեր այսօրվա արարողությանը»,- ասել է Լյուբինսկին։
Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Խորհրդային մարտիկների հուշարձանին միանգամից երկու ծաղկեպսակ է դրվել` ինչպես միշտ, Ռուսաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններից, երկրորդ ծաղկեպսակը` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունից:
Նշենք, որ ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին, ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: