ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերջին երկու օրը Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները անհանգստությունների տեղիք են տալիս։ Եթե ներքաղաքական իրադարձություններն ու հանրային դժգոհությունները չզարգանան,այս իշխանությունները պատրաստ են լինելու ստորագրել Արցախը Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀկ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայ-ադրբեջանական բանակցություններից մի փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվում է, որ իրար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասը։ Նույն համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին։
Քաղաքագետի գնահատմամբ` փաստաթղթում ներկայացված կետերը լիովին համապատասխանում են այն հայտարարություններին, որոնք հնչեցնում են Ադրբեջանի նախագահը, ՀՀ վարչապետը և արևմտյան միջնորդները։
Իսկ ձևակերպումը, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ հարցերը կհամապատասխանեն Ադրբեջանի Սահմանադրությանը, Մելիք–Շահնազարյանի կարծիքով, նշանակում է Արցախի լիարժեք վերահսկողություն Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանն էլ ունի մարդկանց հիմնարար իրավունքների, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին դրույթներ օրենքում և Արցախի հետ կապված խնդիրները փորձում է կարգավորել իր ներքին օրենսդրության շրջանակներում։ Այս փաստաթղթով Հայաստանը համաձայնություն է տալիս, որպեսզի Ադրբեջանը արցախահայության հետ շփվի իր ներքին օրենսդրությամբ և հերթական ապացույցն է Արցախը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի կառավարության մարտավարության կամ առնվազն համաձայնության»,–ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով` գործող իշխանությունները փորձում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գործընթացը փաթեթավորել այնպես, որ հանրությունը շատ չդժգոհի, ընդունելի համարի այդ փաստաթուղթը և մտածի, թե դա է իրական լուծումը։
«Նրանք (իշխանությունները -խմբ.) փորձում են ցույց տալ, խաբել, իբրև թե Արցախը ունենալու է սուբյեկտայնություն, միջազգային կառույցների հետ աշխատելու հնարավորություն, բայց այդ ամենի հիմքում դրված է հենց Ադրբեջանի օրենսդրությամբ իրավասության տարածում Արցախում։ Դա խաբեություն է, որը միանշանակ ընդունելի չի լինելու ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում»,–նկատեց քաղաքագետը։
Անդրադառնալով այս փաստաթղթի և Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատվելու միջև կապին` քաղաքագետը նշեց, որ սա, ըստ էության, ենթադրում է, որ Արցախի իշխանությունները գնացել են որոշակի զիջումների ճանապարհով և Ադրբեջանի պահանջները կատարելու քայլեր են ձեռնարկել ինչ–ինչ խնդիրներ լուծելու համար։
Սա, Մելիք–Շահնազարյանի գնահատմամբ, «մահացու վտանգ կարող է լինել Արցախի պետականության համար»։
Իսկ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով` պետնախարար Վարդանյանի հեռանալը Երևանի թելադրանքով է տեղի ունեցել` հաշվի առնելով, որ Մյունխենում Ալիևը ԼՂ–ի հետ բանակցությունների հնարավորությունը կապել է Ռուբեն Վարդանյանի հեռանալու հետ։
«Եթե Արցախի իշխանությունը կամ պաշտոնական Երևանը ցանկանում էին, որպեսզի տպավորություն չստեղծվեր, որ Ալիևն է պահանջել Վարդանյանին հեռացնել, ապա գոնե կարող էին նրբանկատություն դրսևորել և հետաձգել Արցախի պետնախարարի պաշտոնանկությունը 1-2 ամսով։ Տրամաբանական չէր Ալիևի դեմարշի պարագայում, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, նման որոշում կայացնելը»,–ընդգծեց քաղաքագետը։
Թե ինչով էր խանգարում Ռուբեն Վարդանյանը Ալիևին կամ Ադրբեջանին, քաղաքագետը նշեց` նա ուղղակի հարմար թիրախ էր, քանի որ տեղացի չէր, ինչպես նաև մեծ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում։
Սուրենյանցը հույս հայտնեց, որ լուծումներ կգտնվեն, որպեսզի Արցախի հասարակության վրա այս բացասական գործոնները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան։