«Shell»-ը պատրաստվում է 2023 թվականի մարտից բենզալցակայանների ցանց գործարկել Հայաստանում

Բենզալցակայան
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ աշխարհի խոշոր նավթագազային ընկերություններից մեկի հետ բանակցություններ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Բրիտանա-հոլանդական նավթագազային «Shell» միջազգային ընկերությունն այս տարվանից մուտք է գործում հայկական շուկա։ Տեղեկությունը հայտնում է investin.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ընկերությունը հաստատել է, որ արդեն մարտին բենզալցակայանների ցանց կգործարկի Հայաստանում։
«Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից»,– նշում է կայքը։
«Shell»-ը նավթագազային միջազգային ընկերության կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Այն էներգետիկ ոլորտում աշխարհի առաջատարներից է։ «Shell»-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի «Euronext»-ում ու Նյու Յորքի ֆոնդային բորսայում: «Big Oil»-ի հիմնական բաղադրիչը՝ «Shell»-ը, եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ հայաստանյան վառելիքի շուկա առաջիկայում մուտք կգործեն ամերիկյան ընկերություններ։