ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 82 համայնքների բնակիչների 2022թ–ի կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կտրամադրվի 973 672 600 դրամ։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Նշված գումարով կփոխհատուցվեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչ սպառողների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի և անշարժ գույքի հարկի տարեկան վարձավճարները։
Կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբսահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։
Այսօր սահմանամերձ բնակավայրերի թիվը 82 է։
Նշենք, որ 2021թ–ին նույն ծրագրով փոխհատուցում են ստացել 81 համայնքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 տարի առաջ կազմել է 1 մլրդ 155 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ շահառու համայնքների թիվը 1-ով ավելացել է, գումարը` 181 մլն–ով նվազել։