ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում։
Միաժամանակ, նա հայտնել է, որ պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
«Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,– ասել է Արցախի նախագահը։
Նա հավելել է, որ այն իրավիճակը, որ 4 ամիս առաջ էր, և ինչ այսօր կա, մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Նա բարձր է գնահատել Ռուբեն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման գործում։
Ըստ Հարությունյանի` Վարդանյանի` պետնախարարի պաշտոնից ազատելու որոշումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այդ թվում` այն մեկնաբանվել է որպես «Ադրբեջանի թելադրանքի կատարում»։ Արցախի նախագահը զերծ է մնացել նման հայտարարություններին բնութագրումներ տալուց և պարզապես նշել, որ ինքն իր որոշումից ամենամեծ ցավն է ապրել։
«Ես իմ քայլերն ու որոշումները, բացի Արցախի ժողովրդից ու պետական մարմիններից, որևէ մեկի հետ չեմ քննարկում և չեմ համաձայնեցնում: Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկը արել եմ իմ նախաձեռնությամբ, այն հավանության էր արժանացել Արցախի ժողովրդի կողմից, նման որոշում կայացնելու ժամանակ գիտակցել եմ Ադրբեջանում և այլ տեղերում խնդիրների ծագման հավանականությունն ու հնարավորությունը, բայց ոչ ոք ինձ չէր խանգարել ու չէր կարող խանգարել նման որոշում կայացնելու համար»,– նշել է Հարությունյանը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը:
ԱՀ նախագահն անդրադարձել է նաև այն ասեկոսեներին, թե Ռուբեն Վարդանյանի հետ արտաքին քաղաքական կուրսի շուրջ տարաձայնություններ են ունեցել։
«Երկուսիս ռազմավարական նպատակն Արցախի հայկական, անկախ ու անվտանգ ապագան է, երկուսս էլ ունենք նույն ընկալումը Արցախի ժողովրդի կենսական շահերի ու կարմիր գծերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր կարճաժամկետ մոտեցումներն ունեն որոշակի մարտավարական տարբերություններ, որոնց հիմքում ընկած են մեր ընկալումների տարբերությունները որոշակի գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու տարածաշրջանի խիստ անկանխատեսելի անկայունությունը, կարմիր գծերի պաշտպանության մեթոդները, հայկական ռեսուրսների ու լծակների կիրառման արդյունավետությունը, աշխարհաքաղաքական դերակատարների շահերի ու լծակների ազդեցությունը»,– ընդգծել է նախագահը։
Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ նորանշանակ պետնախարարին ևս տալու է լայն լիազորություններ և ազատություն իր համակարգման ոլորտում որոշումների կայացման համար։ Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության:
Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերի 4-ին նախագահ Արայիկ Հարությունյանն Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր ստորագրեց և այդ պաշտոնում նշանակեց Ռուբեն Վարդանյանին:
Ինչ վերաբերում է Գուրգեն Ներսիսյանին, ապա նա Արցախի Ազգային Ժողովի 2021-ի փետրվարի 11-ի նիստում էր ընտրվել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Գուրգեն Ներսիսյան
Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում:
2002թ․ավարտել է Ստեփանակերտի՝ Ավ.Իսահակյանի անվան թիվ 10 դպրոցը, իսկ 2007թ.` Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը՝ իրավագետի որակավորմամբ:
2007թ. աշխատանքի է ընդունվել ԱՀ դատախազության համակարգում և նշանակվել Մարտակերտի շրջանի դատախազի օգնական-ստաժոր։
2008-2009թթ. զբաղեցրել է Մարտակերտի շրջանի դատախազի օգնականի և նույն դատախազության դատախազի պաշտոնը:
2009-2011թթ. աշխատել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում:
2011-2015թթ. զբաղեցրել է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի, իսկ մինչև 2019 թվականը՝ ավագ դատախազի պաշտոնը:
2019-2020թթ. աշխատել է գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնում:
2020թ․ հուլիս ամսից զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ։