Փաշինյանը Գուտերեշի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Արխիվային լուսանկար
Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:
Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:
«Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը»,-աշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում:
Վարչապետը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։