Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի հարցն է քննարկել Վլադիմիր Պուտինի հետ

Արխիվային լուսանկար
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
«Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։