ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանում և Արցախում վերջին տարիներրին տեղի ունեցած ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հոգեական առողջության պահպանման ոլորտի մասնագետները պատրաստ չէին այդքան շատ մարդկանց հոգեբանական աջակցություն ցույց տալու։ Չկար ոչ համապատասխան նեղ մասնագիտացում, ոչ փորձ։ Ոլորտի մասնագետները հասկացան, որ արդյունքի հասնելու համար միակ ճանապարհը համախմբվելն է։ Այսօր Երևանում մի շարք հոգեբաններ և հոգեբուժներ հայտարարեցին Հոգեկան առողջության պահպանման ասոցիացիայի ստեղծման մասին։
Ասոցիացիայի հիմնադիր-անդամ, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ Դավիթ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ռազմական գործողությունները, դրանց հետևանքով զոհերի ու անհայտ կորածների թիվը, նրանց հարազատների ապրումները ստիպեցին իրենց միավորվել։
Դավիթ Գևորգյան
© Sputnik / Aram Nersesyan
«Այս ասոցիացիան ստեղծելու նպատակը հոգեկան առողջության պահպանման ոլորտում որոշակի կարգուկանոն հաստատելը, ծառայությունների որակը բարձրացնելն է։ Պլանավորում ենք ապագայում իրականացնել վերապատրաստման ամբողջական ծրագրեր, որոնք թույլ կտան համարել, որ մասնագետը վերապատրաստվել է կոնկրետ նեղ ոլորտում, օրինակ վշտի, կորուստների հետ աշխատելու համար»,–ասաց Գևորգյանը։
Խոսելով բացերից, Գևորգյանն ընդգծեց, որ հոգեկան առողջության ոլորտը կարգավորվում է մասամբ, քանի որ հոգեբուժական ծառայությունների մասին օրենք կա, բայց չկա հոգեկան առողջության մասին օրենք։
«Այժմ իրականացվում է միջազգային պրակտիկայի ուսումնասիրություն, որից հետո կլինի օրենսդրական բարեփոխումների առաջարկ կառավարությանը։ Վերջնարդյունքում ոլորտի մասնագետները պետք է ստանան լիցենզիա իրենց գործունեությունը ծավալելու համար»,–նշեց նա։
Արամ Հովսեփյան
© Sputnik / Aram Nersesyan
Հոգեկան առողջության պահպանման ասոցիացիայի նախագահ, հոգուբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանն իր հերթին նշեց, որ ունենալով հոգեբույժ–հոգեբան համագործակցության հաջողված փորձ, նպատակ ունեն կիսվել արդյունքով, որպեսզի ասոցիացիային անդամակցել պատրաստվող մասնագետների աշխատանքն ավելի արդյունավետ լինի։
«Ասոցիացիան հիմնելով երեք հիմնական նպատակ ունենք. նախ ոլորտի տարբեր մասնագետների համագործակցությունը և ինտեգրացիան, մասնագիտական որակավորման բարձրացումը, որպեսզի ունենանք միջազգային մակարդակի հոգեբաններ և հոգեբույժներ, ոլորտում որակյալ հետազոտություններ կատարելու հնարավորություն»,–ասաց Հովսեփյանը։
Գևորգ Փաշիկյան
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության հարցերով գլխավոր խորհրդատու, հոգեբույժ Գևորգ Փաշիկյանն էլ ընդգծեց, որ պետությունը նույնպես հոգեկան առողջության պահպանումը վերցրել է որպես իր առաջնահերթություն, բազմաթիվ ծրագրեր կան ոլորտի հետ կապված, որոնք չեն կայանա, եթե մասնագետները չհամագործակցեն իրար հետ։
Հավելենք, որ Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ բոլոր նրանք, որոնք հետաքրքրվում են հոգեկան առողջությամբ։ Մասնագիտական կրթությունը պարտադիր չէ։