ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են հղել Ճապոնիայի վարչապետին

Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիո. Արխիվային լուսանկար
Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա»,–նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
ՀՀ նախագահն էլ իր հերթին նշել է, որ անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոոնյանն էլ իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիային` Հայաստանին ցուցաբերած օգնության համար։
Նա ամենաջերմ մաղթանքներ է հղել Ճապոնիայի կայսրն ու ժողովրդին։