Ֆինլանդիան Ուկրաինային Leopard-2 տանկեր կփոխանցի

Leopard-2 տանկ
Ֆինլանդիայի ռազմական գերատեսչությունում նշել են, որ ռազմական օգնության 13-րդ փաթեթի արժեքը կազմում է ավելի քան 160 մլն եվրո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ֆինլանդիան Ուկրաինային երեք Leopard-2 տանկ կփոխանցի, ինչպես նաև զինվորականների ուսուցում կանցկացնի ռազմական օգնության 13-րդ փաթեթի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Ֆինլանդիան չի հրապարակել ռազմական օգնության փաթեթների բովանդակությունը, և տանկերը բացառություն են դարձել։
«Օպերատիվ պատճառներով և օգնության անվտանգ առաքումն ապահովելու նպատակով առաքման եղանակի կամ ժամանակացույցի մասին առավել մանրամասն չի տեղեկացվի»,-հայտնել են ՊՆ-ից:
Օգնության 13-րդ փաթեթի արժեքը կազմում է ավելի քան 160 մլն եվրո։ Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային հասցեագրված ռազմական օգնության բոլոր փաթեթների ընդհանուր արժեքը գերազանցում է 750 մլն եվրոն։
Ավելի վաղ Ռուսաստանը նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու համար: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Նա նախազգուշացրել է, որ քանի որ Արևմուտքն ավելի ու ավելի հեռահար զենքով է լցնում Ուկրաինան, հատուկ գործողության աշխարհագրական խնդիրներն ավելի ու ավելի են հեռանում ներկայիս գծից։ Արևմուտքը պետք է հասկանա, որ Ուկրաինային զենքի մատակարարումը չի ամրապնդի իր անվտանգությունը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։