ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը 19-ամյա զինծառայողի մահվան մասին հայտնել էր փետրվարի 19-ին` նշելով, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։ Ավելի ուշ ՔԿ–ն տեղեկացրեց, որ նա մահացել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում ստանալու հետևանքով։ Զինծառայողին հայտնաբերել են զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ զինվորի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։
Նախաքննական մարմնի այսօրվա հաղորդագրության համաձայն` N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2–րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված արարքների կատարման մեջ կասկածանքի հիմքով։
Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։
Նախաքննությունը շարունակվում է: