Ո՞վ է «զոհաբերվելու». թիմակիցների նկատմամբ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին

Ըստ լրատվամիջոցի` գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի ՔՊ-ական պատգամավորներից մեկին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թիմակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը հասել է գագաթնակետին, գրում է «Հրապարակ» թերթը։
«Իրավապահ աղբյուրն ասում է, որ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել»,–գրում է թերթը։
Հանդիպում ՔՊ–ում. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու իր կուսակիցները փակ դռների հետևում
Ենթադրվում է, որ Փաշինյանը որոշել է «դոսյեներ» հավաքել՝ բոլորին պահելով դատվելու վախի մեջ։
Նշվում է, որ տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազը հնարավոր է ԱԺ նոր միջնորդություն ներկայացնի անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։
«Երեկ ՔՊ ֆրակցիայում այս տեղեկությունն ակտիվորեն քննարկում էին, փորձում էին գուշակել, թե ով է «զոհաբերվելու»: 2 անուն են կասկածում․ մեկն Արսեն Թորոսյանն է, մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը»,–գրում է թերթը։
Ընդգծվում է, որ Թորոսյանի` առողջապահության նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: «Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի համար»,–նշում է լրատվամիջոցը։
Իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին, ըստ լրատվամիջոցի, պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը: