ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Թուրք–սիրիական սահմանին փետրվարի 20–ին տեղի ունեցած նոր ցնցումը ոչ թե երկրաշարժ էր, այլ փետրվարի 6–ի ավերիչ երկրաշարժի հետցնցում, և դրանք դեռ երկու տարի կարող են պարբերաբար կրկնվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը։
Նշենք, որ փետրվարի 20–ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝ նոր ավերածությունների պատճառ դառնալով։
Ուժգին երկրաշարժերից հետո նմանատիպ հետցնցումները սեյսմոլոգը բնական գործընթաց է համարում։
Թեպետ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունն ավելացել է, սակայն փորձագետը Հայաստանի բնակչությանը հորդորում է չանհանգստանալ, քանի որ, ըստ նրա, հավանականությունն աննշան է, որ Ղահրամանմարաշի երկրաշարժը կամ հետցնցումները կարող են Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ առաջացնել։ Իսկ 4-5 բալանոց երկրաշարժերը հնարավոր են, ինչը, նրա գնահատմամբ, սովորական երևույթ է երկրաբանական սեյսմատեկոտնական տեսակետից։
«Օրինաչափ է, որ պետք է ուժեղ երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր հետցնցումներ լինեն։ Դրանց գերակշռող մասը լինում է փետրվարի 6–ի երկրաշարժի Ղահրամանմարաշի օջախային գոտում, բայց կարող է մի քիչ այդ գոտուց դուրս գալ, որովհետև երկրակեղևը կամ այդ բեկվածքը, որ ծնել է ուժեղ երկրաշարժ, լայնություն ունի, ուղիղ կտրվածք չէ»,–ասաց նա։
Փորձագետի գնահատմամբ` Թուրքիա–Սիրիա սահմանին առաջիկա երկու տարվա ընթացքում նմանատիպ 6,5 կամ 6,7 մագնիտուդ ուժգնության հետցնցումներ էլի կլինեն։ Դրան կհաջորդի պասիվ շրջանը, այսինքն` թույլ հետցնցումները, որոնք կարող են շարունակվել տասնյակ տարիներ։
Ինչ վերաբերում է Իրանում սեյսմիկ ակտիվությանը, Նազարեթյանը նշեց, որ Իրանի Զագրոսի գոտին ևս համարվում է ակտիվ գոտի երկրաշարժերի համար այնպես, ինչպես Արևելա–անատոլիական կամ Հյուսիս– անատոլիական բեկվածքները։ Հետևաբար` այդ գոտում եղել են և կլինեն երկրաշարժեր։
«Ընդհանրապես երկրաշարժը պետք է ձևավորված, հասունացած լինի, որ դրսից որևէ ազդակ լինելու դեպքում տեղի ունենա։ Եթե այն նախապատրաստված չէ, այնտեղ երկրաշարժ չի լինի։ Դա բնական պրոցես է»,–ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Իսկ Իրանի Բենդեր Աբաս քաղաքից 113 և 117 կմ հեռավորության վրա վերջին երկու օրում գրանցվել է համապատասխանաբար 5,3 և 5,1 մագնիտուդով երկրաշարժեր։