Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են երկրաշարժի կապակցությամբ քրգործ հարուցել Էրդողանի դեմ

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Դատախազություն ներկայացված հաղորդման մեջ փաստաբանները պահանջում են դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են` ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները։ Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է ինչպես Էրդողանի, այնպես էլ նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը:
«61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով»,–գրում է կայքը։
Փաստաբանների կողմից պաշտոնյաներին վերագրվող հանցագործություններն են «հավանական դիտավորությամբ առաջացնել մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում», «դիտավորյալ անփութություն», «վերահսկիչ պարտականությունների անտեսում», «ծառայողական պարտականությունների չարաշահում», «կապի արգելափակում», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելը», «մրցույթի արդյունքների կեղծում», «կոռուպցիա», «հանցագործության ապացույցներ ոչնչացնելը, թաքցնելը կամ փոխելը»...
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով հասել է 42 000-ի: