ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Մարտակերտի և Շուշի շրջաններում։ Տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։
Բացի այդ, նրանք Հայաստանից հումանիտար բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ, իսկ Ստեփանակերտում մթերային փաթեթներ են փոխանցել բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ։
Հիշեցնենք` այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։