ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչին. ինչ են քննարկել

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցչին
Կարևորվել է ԱԶԲ–ի մասնակցությունը ՀՀ–ում ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ ճանապարհաշինության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ասիական զարգացման բանկում (ԱԶԲ) Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի հետ քննարկել է ԱԶԲ և Հայաստանի միջև գործընկերության նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ հարցեր։ Տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ նոր ռազմավարությունը գտնվում է մշակման փուլում։
«Այս համատեքստում քննարկվել է ԱԶԲ մասնակցությունը ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ ճանապարհաշինության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փոխվարչապետը ներկայացրել է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում ԱԶԲ ներգրավվածության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական ներուժի մոբիլիզացման տեսանկյունից:
Քննարկվել են նաև թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցությունը, մասնավորապես կապիտալի շուկայի ձևավորման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության կարգավորումների կատարելագործման ուղղությամբ: