ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում ավելի քան 2 հազար հայկական բեռնատար սպասում է երթևեկության բացմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են, սպասվում է, որ թեթև մարդատար մեքենաներն այսօր կկարողանան անցնել։
Փետրվարի 19-ից սկսած եղանակային վատ պայմանների հետևանքով Վերին Լարսով ճանապարհը փակվել է բեռնատարների, իսկ փետրվարի 20-ից` նաև մարդատարների համար։
«Այսօր առավոտյան ձնամաքրման աշխատանքները Խաչի լեռնանցքում արդեն սկսվել են և սպասվում է, որ այսօր գոնե մարդատարների համար ճանապարհը կբացվի»,– ասաց Հակոբյանը:
Կցորդը նշեց, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից Լարսով երթևեկությանը սպասում է 1800 հայկական բեռնատար (ընդհանուր առմամբ` 5000 բեռնատար տարբեր երկրներից)։ Հայաստանից դեպի ՌԴ ուղևորված և դեռևս ՌԴ սահմանը չհատած բեռնատարների թիվը մոտ 200-250 է:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։