ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Լյուքսեմբուրգը պատճառ չի տեսնում Լաչինի միջանցքի շրջափակման համար և հիշեցնում է, որ այլ եվրոպական գործընկերների հետ արդեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժն այդ հատվածով։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտգործանախարար Ժան Ասելբորնը։
Նա շեշտեց, որ Երևանում կայացած հանդիպումների արդյունքում կարողացել է ավելի լավ հասկանալ ԼՂ–ում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքները։
Ասելբորնի խոսքով`ազատ տեղաշարժը պետք է ապահովվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա։
«Չեմ տեսնում ոչ մի պատճառ այս միջանցքը, դռները փակելու այն մարդկանց համար, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Սա կապ է Հայաստանի հետ, այս ամենը պետք է հարգել, որպեսզի կարողանանք լուծումներ գնել»,– ասաց Ասելբորնը։
Ասելբորնը շեշտեց, որ Լյուքսեմբուրգն աջակցում է եռակողմ (Փաշինյան–Ալիև–Միշել) խաղաղության բանակցությունների վերսկսմանը, որպեսզի հնարավոր լինի ամուր և տևական խաղաղության հասնել, ինչպես նաև աջակցում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։
Նրա կարծիքով` առաքելությունը կարող է նպաստել սահմանային միջադեպերի թվի կրճատմանը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման կարևորագույն տարր դառնալ։ Նախարարը նշեց, որ Լյուքսեմբուրգը, որը նույնպես ներկայացված է առաքելությունում, ակտիվորեն աշխատելու է։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։