ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանն իր ելույթում ասել է ԵԽ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը` բարձրացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը, տեղեկանում ենք «Հայաստանը ԵԽ–ում» ֆեյսբուքյան էջից։
«Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ուստի փետրվարի 17-19-ը ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են միայն Հայաստան»,–ասել է Խաչատրյանը։
Նա նշել է նաև, որ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։ Բացի այդ, շրջափակման միջոցով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
ԵԽ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ելույթ ունենալիս
Խաչատրյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը հստակ սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նրա խոսքով` Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման մասին խոսելով` Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։