ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը` նշելով, որ Գրիգորյանն այսօր ընդունել է դեսպանին:
«ԱԽ քարտուղարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման: Դեսպան Քվինը կարևորել է տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՀՀ անվտանգության խորհրդի` զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ՝ կարևորելով ժողովրդավարությունը՝ որպես տարբեր ուղղություններով համագործակցությունը խթանող գործոն:
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է Քրիստինա Քվինը։