ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայ-ադրբեջանական բանակցություններից մի փաստաթուղթ է հրապարակել, որ նա անվանել է սկանդալային։
«Ի՞նչ մեխանիզմով է Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հանձնելու Արցախը։ Ի՞նչ են իրականում նրանք բանակցում մեր մեջքի հետևում»,–փաստաթղթին կից գրել է Աշոտյանը։
Փաստաթղթում նշվում է, որ իրար տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը կլինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասը։
«Համաձայնագիրը կպարունակի հոդված Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանն ու նրա միջազգային պարտավորություններին»,–գրված է փաստաթղթում։
Այնտեղ 4 կետ է առկա` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկ, Բաքվի և Ղարաբաղի հայերի բանակցությունների մեկնարկ, Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերի շուրջ միջազգային ներառում և առաջընթացի մշտական դիտարկում առաջնորդների կողմից։
Թե որտեղից այս փաստաթուղթը և երբ է այն շրջանառվել` Աշոտյանը մանրամասներ չի հայտնում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։