«Համմեր» մակնիշի ավտոմեքենայի դեպքով աշխատանքից ազատված պարեկ չկա. աղբյուր

Արխիվային լուսանկար
Ոստիկանությունում «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին բռնելու օպերացիան տևել է ավելի քան 1.5 ժամ։
Նշենք, որ փետրվարի 10-ին` ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։
Դեպքից հետո սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպի մասնակից պարեկներից մեկը, որին «Համմեր» մակնիշի վարորդը վթարի էր ենթարկել, ազատվել է աշխատանքից։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։
««Համմեր» մակնիշի ավտոմեքենայի դեպքով աշխատանքից ազատված պարեկ չկա»,–հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Հիշեցնենք` «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդի երթևեկությունը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով պարեկները կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:
Ոստիկանությունում «Համմերի» դեպքով ծառայողական քննություն է նշանակվել
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքի դիտավորյալ վնասելը) և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1997թ․ ծնված Գ․Ս․-ն:
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:
Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նա կալանավորվել է։