ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան իր էջում գրառում արել` ողջունելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Միրզոյանը գրել է, որ ուրախ է, որ ճշմարտությունը հաղթեց, քանզի դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը։
«Հայաստանը ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին»,–ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրառման մեջ։
Հայտնել էինք, որ միջազգային դատարանն այսօր որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժեց 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։