Երկու տղամարդ մկրատով և ուրագով մարմնական վնասվածքներ են պատճառել իրար

Արխիվային լուսանկար
Ոստիկանները առգրավել են հանցագործության գործիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Երևանում երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ իրար մկրատով և ուրագով մարմնական վնասվածքներ են պատճառել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, փետրվարի 21-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցներից մեկից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Երվանդ Քոչարի փողոցից պատռված վերքերով հիվանդանոց է տեղափոխել 42-ամյա տղամարդու:
Ժամը 02.00-ին նույն հիվանդանոցից երկրորդ ահազանգն է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով ու ճակատի քերծվածքով Երվանդ Քոչարի փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա տղամարդ:
«Ոստիկանները պարզել են, որ Վարդանանց նրբանցքի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդը մկրատով հարվածներ էր հասցրել 60-ամյա տղամարդուն, նա էլ պատասխան հարվածներ էր հասցրել ուրագով: Ըստ բժշկի տեղեկանքի՝ 60-ամյա տղամարդն ի վիճակի չի հաղորդում տալու»,–նշված է հաղորդագրության մեջ։
42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հանցագործության գործիքներն առգրավվել են: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: