ԵՄ-ն չի համաձայնեցրել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցները. ԶԼՄ

Ռուսաստանի և Եվրամիության դրշոները
Ինչպես նշում են դիվանագիտական աղբյուրները, մի քանի չլուծված հարց է մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Եվրամիությունն այսօր չի կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այդ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը: Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը` հղում անելով չորս դիվանագիտական աղբյուրների։
Դիվանագետները հայտարարել են, որ դեռ մի քանի չլուծված հարցեր են մնացել:

«Պատժամիջոցների 10-րդ փաթեթի համաձայնեցման շուրջ ԵՄ երկրների միջև հետագա բանակցությունները սպասվում են փետրվարի 23-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Եվրահանձնաժողովը փետրվարի 15-ին ներկայացրել էր հակառուսական պատժամիջոցների նոր` 11 մլրդ եվրոյի փաթեթի վերաբերյալ իր առաջարկները, որոնք վերաբերում են էլեկտրոնիկային, հատուկ տրանսպորտային միջոցներին, բեռնատարների և ավիաշարժիչների պահեստամասերին, երկակի նշանակության ապրանքներին, շինարարական ոլորտին, նյութերին, ջերմադիտակ տեսախցիկներին, բարձր տեխնոլոգիական ապրանքներին` ներառյալ բաղադրիչները, որոնք կարող են օգտագործվել դրոններում, հրթիռներում և ուղղաթիռներում: Բացի այդ, անհատական պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն լրացուցիչ մոտ հարյուր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, այդ թվում` քաղաքական գործիչներ, ուժայիններ, մեդիայի ներկայացուցիչներ:
Անցյալ տարվա փետրվարի վերջից ի վեր Եվրամիությունն արդեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ, որոնք ներառում են ֆինանսական, առևտրային սահմանափակումներ, ինչպես նաև անհատական պատժամիջոցներ:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը:
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը չի ազդի ռուսական ուրանի վրա. Եվրահանձնաժողով