ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին դատախազությունից։
Թե ինչի համար է մեղադրվում տնօրենը, դեռ չեն մանրամասնում:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Իսկ հոկտեմբերի 3-ին Արթուր Ասոյանն ազատվեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: