ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Դաշնության խորհուրդն այսօրվա նիստում միաձայն հավանություն է տվել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքին:
Փաստաթուղթը, որը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արդեն արժանացել է պատգամավորների հավանությանը։
Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու որոշումը կկայացնի պետության ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։