ԱԶԲ–ն պատրաստ է ՀՀ–ին օգնել հեռաբժշկություն ներդնելու հարցում

Արտակ Ջումայանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին և առաքելության ղեկավար Քիրթի Ռամեշին
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները ՀՀ առողջապահության փոխնախարարի հետ քննարկել են էլեկտրոնային առողջապահությունը զարգացնելու առանցքային կետերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ասիական զարգացման բանկը պատրաստ է օգնել ՀՀ առողջապահության նախարարությանը, որպեսզի երկրում հեռաբժշկություն ներդրվի: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն ու առաքելության ղեկավար Քիրթի Ռամեշն այդ մասին ասել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հյուրերը պատրաստակամություն են հայտնել օգնելու մշակել և ներդնել հեռաբժշկությունն իր ամբողջ ծավալով, ինչպես նաև աջակցել բուժաշխատողների վերապատրաստումների գործընթացին»,–ասված է հաղորդագրությունում:
Արտակ Ջումայանը ներկայացրել է 2023 թվականի առաջիկա անելիքները, խոսել դեղատոմսերի ամբողջովին ներդրման, պատմագրերի, մշակվող գործելակարգերի մասին, որոնք բժշկի համար հուշող գործիքներ կլինեն բուժառուի հետ աշխատելու ժամանակ:
Քննարկվել է էլեկտրոնային առողջապահությունը և առանձնացվել դրա զարգացմանն ուղղված ռազմավարական մի քանի առանցքային կետեր` հիվանդանոցային պատմագրերի և պոլիկլինիկական ամբուլատոր քարտի ներդրումը, բուժաշխատողների վերապատրաստումների կարևորությունը, հավաքագրված տվյալների վերլուծության կառուցվածքը,արհեստական բանականությունը: