Արտավազդ Փելեշյանը նշում է 85-ամյակը. ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը այցելել են նրա տուն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Արտավազդ Փելեշյանին
ՀՀ ԿԳՄՍ նախարարը վարպետին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու պատկերագիրքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են նրա տուն։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, Անդրեասյանը վարպետին է նվիրել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը՝ կարևորելով կինոյի 2 հսկաների փոխառնչությունները:
Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հույս հայտնել, որ Համո Բեկնազարյանի հիշատակը հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ըստ արժանվույն կգնահատվի։
Անդրեասյանն անդրադարձել է նաև Արտավազդ Փելեշյանի հեղինակային գրքերին ու «Բնություն» ֆիլմին՝ ընդգծելով, որ նրա արվեստը մեզ համար արժանի տեղ է ապահովում համաշխարհային ասպարեզում։
Խզմալյանն էլ ասել է, որ Փելեշյանի ժամանակակից լինելն արդեն իսկ երջանկություն է:
«Փելեշյանն այն անունն է, որն իմաստավորում է մեր միջավայրը, մեր գեղարվեստական և հոգևոր իրականությունը, անուն, առանց որի անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու ընթացքը: Նա իր ուրույն տեղն ունի կինոկրթության մեջ, և նրա արվեստով ուսուցանում են արտասահմանյան հաստատություններում»,–նշել է փոխնախարարը։
Նշենք, որ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է դարձել։ Առավել հայտնի են նրա «Սկիզբը», «Տարվա եղանակներ», «Մենք», «Մարդկանց երկիրը», «Բնիկներ» ֆիլմերը։
Արտավազդ Փելեշյանն արժանացել է 2021 թվականի «Life achievement award» մրցանակին