Ամուլսարը կրկին կգործի. «Լիդիան Արմենիայի» հետ այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ կստորագրվի

Արխիվային լուսանկար
Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ իրենց կփորձեն լուծումներ գտնել, որպեսզի Թեղուտի հանքը նույնպես կրկին շահագործվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքով` պետք է տնտեսական կառուցվածքն այնպես փոխել, որպեսզի հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, սակայն այդ ոլորտի նվազեցումն ինքնանպատակ չէ։ Քերոբյանի պնդմամբ` այդ ամենը տեղի է ունեցել 2-րդ խոշոր հանքի (Թեղուտի հանքավայր) չշահագործվելու պատճառով։ Քերոբյանը վստահեցրեց` կփորձեն լուծումներ գտնել, որպեսզի այդ հանքը կրկին շահագործվի։
«Հենց այսօր մենք կստորագրենք այլ խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է: Մենք այսօր ժամը 17։00-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանքի շահագործումը, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,-ասաց նա:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: