ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը «Forbes» ամսագրին պատմել է, թե ինչպես է Հայաստան կատարած այցը փոխել իր կյանքը: Նա այդ մասին գրել է «Ինստագրամ» սոցիալական ցանցում։
Օհանյանը հիշեցրել է, որ հոր ընտանիքը Թուրքիայից փախել է Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար, իսկ մայրը եղել է անօրինական ներգաղթյալ։
«Առաջին անգամ, երբ 2010 թվականին լքեցի «Reddit»-ը, 27 տարեկան էի, մեկնեցի Հայաստան ու 4 ամիս որպես կամավոր մնացի այնտեղ։ Ես պետք է հավաքեի մտքերս ու գտնեի կյանքի իմաստը... դա իմ կյանքի լավագույն որոշումն էր»,– գրել է նա։
Գործարարն ամսագրին ասել է նաև, որ ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհը փոխելու հնարավորություն ընձեռվի նոր սերնդին։