Ադրբեջանը պարտավոր է ապահովել տեղաշարժը Լաչինի միջանցքով. միջազգային դատարանի որոշումը

Հաագայի դատարանը
Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ –ի և ՀՀ–ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում կայացրեց Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։

Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ –ի և ՀՀ–ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետևանքների է հանգեցրել, և հետևանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաև նրանց, որոնք ԼՂ–ում հիվանդանոցներում են։ Տեղեկությունների համաձայն` խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել։

Դատարանի որոշման մեջ նշվեց, որ ՀՀ-ն հայցել է, որպեսզի դատարանը միջոցներ կիրառի, որոնցով կկարգադրի, որ Ադրբեջանը դադարեցնի կազմակերպել ու աջակցել ենթադրյալ բողոքի ցույցերին, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը 2 ուղղություններով։ Դատարանը համարում է, որ այս ժամանակավոր միջոցը Լաչինով տեղաշարժվելու առումով հիմնավորված չէ։

«ՀՀ-ն պահանջել է կիրառել միջոց` Ադրբեջանին կարգադրել ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների գործընթացի խաթարումից։ Դատարանը համարում է, որ ՀՀ–ն բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանն է խաթարում բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների խաթարումը ԼՂ–ում։ Հետևապես, այդ միջոցը նույնպես կիրառման ենթակա չէ»,–ասված է որոշման մեջ։

Միաժամանակ, դատարանը որոշեց, որ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշման ժամանակավոր միջոցներն ուժի մեջ են մնում։ Դատարանի որոշումները պարտադիր նշանակություն ունեն և առաջացնում են միջազգային պարտավորություն բոլոր այն կողմերի համար, որոնց վերաբերում է դա։
Հավելենք, որ որոշումն ընդունվեց դատավորների կոլեգիայի կողմից 13 կողմ, 2 դեմ ձայներով։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այժմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում է և մասնակցում է քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը