ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Մեկ օր առաջ հայտնել էինք՝ ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: