Թշնամին մեր դեմ բնապահպանական տեռոր է կիրառում. Վարդան Ջհանյանն ասաց` որն է հայերի մեղքը

Ջհանյանի կարծիքով` ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների` Հայաստանում շատ ավելի մեծ ջանքեր են ուղղված բնապահպանական նորմերը պահպանելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ բնապահպանական տեռոր է կիրառում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը`անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Արցախի հանքագործական ընկերությունների գործունեությանն ուղղված բողոքին։
Թշնամու կողմից բնապահպանական թեզերը Հայաստանի նկատմամբ օգտագործվելու մեջ Ջհանյանը տեսնում է հենց հայերի մեղավորությունը։
«Երբ որ մենք ինքներս թույլ ենք տալիս, որ այդ կեղծ թեզերը անընդհատ շահարկվեն, մի օր էլ շատ ճիշտ ձևով օգտագործվելու է դա թշնամու կողմից` ինչպես Լաչինի դեպքում»,–պարզաբանեց նա։
Խոսքն այն շահարկումների մասին է , թե իբր Հայաստանում բնապահպանական առումով կատաստորֆիկ իրավիճակ է։ Իրականում, Ջհանյանի կարծիքով, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների ու հատկապես Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի տարածքում գործող հանքավայրերում բնապահպանական ծրագրերն իրականացվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։
«Կամ Վրատսանի օրինակը եթե դիտարկենք, Հայաստանում կա բնապահպանության նախարարություն (ՀՀ շրջակա միջավայրի նախարարւոթյուն,–խմբ.), Վրաստանում դա վարչության մակարդակի մի կառույց է։ Այսինքն` Հայաստանում այդ առումով շատ ավելի մեծ ջանքեր են ուղղված, որ բնապահպանական նորմերը պահպանվեն»,–ասաց նա։
Միևնույն ժամանակ Ջհանյանը չի ժխտում, որ խնդիրներ կան, ինչը, նրա խոսքով, բնական է, քանի որ ցանկացած մարդկային գործունեություն հանգեցնում է բնապահպանական խնդիրների։ Նրա դիտարկմամբ, սակայն, դրանց ազդեցությունը մարդկանց վրա պետք է լինի զրոյական, իսկ բնության վրա`մինիմալ։
«Այդ ուղղությամբ մեծ քայլեր ու ջանքեր են ուղղված և՛ ոլորտի, և՛ պետության կողմից»,–ընդգծեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։