ՌԴ փոխարտգործնախարարն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության թեման

ՌԴ ԱԳՆ
Զրույցի ընթացքում ընդգծվել է այս նախաձեռնության շուրջ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուսի բացակայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, փետրվարի 21 – Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Գալուզինն ասել է, որ Հայաստանում ԵՄ–ի այսպես կոչված քաղաքացիական առաքելություն ծավալելու որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համանախագահները բազմաթիվ անգամ և առանց դրդապատճառի չեղարկել են Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերը։
«Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակման, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատն աշխատում է որպես քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Եվրամիության քաղաքացիական առաքելությունը փետրվարի 20-ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։