ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Պետդուման վաղը ևեթ կքննարկի Ռուսաստանի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (ՌՀԶԿ) կասեցման մասին օրինագիծը, որից հետո փաստաթուղթը կուղարկվի Դաշնության խորհուրդ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Նախագահի ներկայացրած օրինագիծը կքննարկենք վաղը Պետդումայի լիագումար նիստում և դրա վերաբերյալ անհապաղ որոշում կկայացնենք։ Դրանից անմիջապես հետո այն կուղարկվի Դաշնության խորհուրդ», - ասել է Վոլոդինը։
Փաստաթուղթն ուղարկվել է նաև Պետդումայի միջազգային գործերի և պաշտպանության կոմիտեներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։