ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Խաղաղապահ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ», - ասված է տեղեկագրում:

Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը:
Չորս երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ասկերանի շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել. բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին սննդի փաթեթներ են փոխանցվել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: