ՔՊ–ն վարչության նիստ է անցկացրել. հայտնի է` ինչ են քննարկել

Նիկոլ Փաշինյան
Կուսակցության վարչության նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդունվել է ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ընտրական ցուցակների հաստատման նոր կարգը»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է եղել նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական բնույթի հարցերին:
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ընթացիկ աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացրել։
Հիշեցնենք` մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան խոշորացած համայնքներում:
Անի համայնքը ղեկավար չունի. քաղաքական ուժերից 2-ը բոյկոտել են նիստը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։
Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանություն ձևավորել։
Այժմ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ՔՊ թեկնածու Արման Սարիբեկյանն է։
Ինչ վերաբերում է Սիսիանին, ապա 2022–ի սեպտեմբերի 25-ին անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:
Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել:
Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 29-ին որոշեց դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները, իսկ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հակոբջանյանը նշանակվել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: