Քեսաբի հայկական եկեղեցու զանգակատունը վերջին երկրաշարժից հետո պետք է զրոյից վերակառուցվի

Սիրիայում հերթական ուժեղ երկրաշարժից տուժածներ և զոհեր չկան, բայց ցնցումները խուճապի են մատնել մարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած հերթական ուժեղ երկրաշարժի հետևանքով կրկին տուժել են Հալեպը, Լաթաքիան, ցնցվել են նաև Դամասկոսը, Քեսաբը, Տարտուսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց սիրիական «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Բողիկյանը։
Նրա խոսքով` Հալեպում 2-3 շենք է փլուզվել, բայց դրանք նախորդ երկրաշարժից հետո բնակեցված չէին, քանի որ արդեն իսկ վնասված էին։ Քեսաբում էլ երեկվա երկրաշարժի ցնցումներն ավելի ուժեղ են եղել, քան 2 շաբաթ առաջվանը։
Փոտրվարի 20-ին` Հայաստանի ժամանակով 21։04–ին, Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։

«Խուճապ էր երկրում, մարդիկ բնակարաններից դուրս էին եկել, մեքենաներն էլ սրընթաց երթևեկում էին փողոցներով։ Կրկին ապաստանել ենք այն կենտրոններում, որոնք ստեղծվել են փետրվարի 6-ի երկրաշարժից հետո։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Այդ ուժեղ ցնցումների հետևանքով Քեսաբի հայկական եկեղեցին է վնասվել։ Այն մասամբ ենթակա է քանդման և վերականգնման, օրինակ՝ զանգակատունը պետք է վերակառուցվի զրոյից»,– ասաց Բողիկյանը։

Անդրադառնալով երկրաշարժից ավերված շինությունների գույքագրմանը` Բողիկյանը նշեց, որ այդ աշխատանքներն իրականացնում են ՀԲԸՄ–ն և Հայոց թեմի ազգային առաջնորդարանը։ Մինչ այս պահն ավելի քան 1000 բնակարան է գույքագրվել։ Նախատեսվում է գումար հատկացնել այդ բնակարանների սեփականատերերին։
Անօթևան մնացածներից շատերն առայժմ տեղավորվել են Սիրիայի հայկական համայնքային կազմակերպությունների շենքերում։ Սպասում են, որ վարձով բնակարան տրամադրեն կամ վերակառուցեն իրենց տները։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 42 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Հավելենք, որ նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։