Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին

Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարն անդրադարձել է Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը կնպաստի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատի հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը»,– ասված է հաղորդագրությունում:
ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը հայկական կողմին երախտագիտություն է հայտնել առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Եվրամիության քաղաքացիական առաքելությունը փետրվարի 20-ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։
Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատն աշխատում է որպես քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: