Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետին. խոսել են Լաչինի միջանցքի խնդրից

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Եղել է Սյունիքի մարզում, Գորիսում հանդիպել արցախահայերի հետ, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ: Նա կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։