ՆԱՏՕ-ն ցավում է, որ ՌԴ–ն դադարեցնում է մասնակցությունը ՌՀԶԿ պայմանագրին. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին հորդորել է վերանայել որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը ցավում է, որ Ռուսաստանը որոշել է դադարեցնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին։ Այս հայտարարությունն արել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա Ռուսաստանի հորդորել է վերանայել այդ որոշումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։
ԱՄՆ-ն չի կարողանա ստուգումներ անցկացնել ՌԴ-ի ռազմավարական սպառազինության օբյեկտներում. ԱԳՆ
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։