ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամարկյալների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, արձանագրված խնդիրների վերաբերյալ պարզաբանումների պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինողը կուղարկի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ըստ անհրաժեշտության կքննարկվեն արձանագրված խնդիրների լուծման հնարավորություններն ու ուղղությունները։
Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման միջոցների կիրառման անթույլատրելի պրակտիկան։ Մտահոգիչ է նաև ստացիոնար սոմատիկ և հոգեբուժական օգնություն պահանջող դեպքերում վերջիններիս համապատասխան բժշկական հաստատություններում տեղավորելու, զբաղվածության ապահովման, հոգեբույժների խիստ անբավարար քանակի, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի ապահովմանն առնչվող հարցերը և այլն:
«ՄԻՊ-ի արձանագրած համակարգային լուծում պահանջող խնդիրների և դրանց լուծման առաջարկների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը, ինչպես նաև պատասխանատու մարմինների վերահսկողության բացակայությունը հանգեցրել են ստեղծված իրավիճակի»,–ասված է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ ՄԻՊ-ը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես, ստեղծված իրավիճակում նշված կենտրոնում պատասխանատու մարմինների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ:
Հիշեցնենք` ոստիկանությունը փետրվարի 17-ին հայտնել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի տնօրենը ստիպել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, հիվանդներին խոշտանգել է, իսկ հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը։ Տնօրենն ու և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել էին։
Հաջորդ օրը տուն–ինտերնատի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա էին անցկացրել Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի դիմաց։ Ինտերնատի աշխատակիցները պահանջել էին հիմնավոր բացատրություններ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։