Կիրակոսյանը միջազգային դատարանում կմասնակցի Լաչինի միջանցքի թեմայով որոշման հրապարակմանը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում. Արխիվային լուսանկար
Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը Ա կհրապարակվի վաղը՝ փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդեռլանդների Թագավորություն (Հաագա)։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի փետրվարի 21-23-ը ներառյալ գործուղել Նիդեռլանդների Թագավորություն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը մասնակցելու նպատակով»,–ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Նշենք, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի վաղը՝ փետրվարի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Միջազգային հանրությունն ակնհայտորեն արձագանքում է Լաչինի միջանցքի շրջափակմանը. Փաշինյան