Խաչատուրովի կողմից գույք ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում». մանրամասներ

Հակոբ Ենոքյանը
Գրիգորի Խաչատուրովի փաստաբանը հայտնեց, որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը. տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործով է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
«Երեկ 20։10-ի սահմաններում որպես մեղադրյալ ձերբակալվել է Խաչատուրովը։ Ըստ էության, Օհանյանի գործով է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մեղադրանքը «փողերի լվացմանն» է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։ Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում» »,–ասաց պաշտպանը։
Նա հայտնեց նաև, որ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը` տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։
Փաստաբանը վստահեցրեց, որ Խաչատուրովն առնչություն չունի այդ գույքի հետ։ Նա հայտնեց, որ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի էր արդյոք։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Խաչատուրովի ձերբակալման մասին։ Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրան կալանավորելու հարցը։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։