ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիք կատարած այցի ընթացքում, չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, հայտնում է դատախազությունը։
Նշվում է, որ մանկատանը խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա։ Վարդապետյանը մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել մանկատան սաների հետ:
«Վարդապետյանն ընդգծել է, որ մանկատներ և խնամքի կենտրոններ չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ։ Նա պարբերաբար այցելելու է տարբեր մարզերում գտնվող տուն-ինտերնատներ, առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ՝ տեղում հաստատությունների պայմաններին ծանոթանալու և հնարավոր հանցավոր վարքագծին իրավական գնահատական տալու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանին Գավառի մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել: