ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հաթայ նահանգի Վաքըֆլի գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին փաստացի ավերվել է տարածաշրջանում տեղի ունեցած նոր երկրաշարժերից հետո։ Տեղեկությունը հաղորդում է Anadolu-ն:
Նշվում է, որ գյուղում էթնիկ հայեր են ապրում։ Այստեղ գործող եկեղեցին մասնակի վնասվել է փետրվարի 6-ի ուժեղ երկրաշարժերի ժամանակ։ Հիմա, նոր ստորգետնյա ցնցումներից հետո, այն գրեթե փլուզվել է։
Վաքըֆլայի գյուղապետ Պերճ Քարթունն ասել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժից անմիջապես հետո եկեղեցին փակվել է արարողությունների համար:
Եկեղեցին ամբողջությամբ ավերվել է։ Արտաքին պատերը փլուզվել են։ Ներսի հատվածն էլ բավականին վնասվել է։ Եկեղեցին պիտանի չէ պատարագների համար։
«Որոշ տներ, որոնք առաջին երկրաշարժի ժամանակ միայն աննշան են վնասվել, այժմ արդեն պիտանի չեն ապրելու համար։ Ամենուր ճաքեր են։ Այնտեղ վտանգավոր է մտնել։ Մենք հիմա դատապարտված ենք վրաններում ապրելու», - ասել է թաղապետը։
Նշվում է, որ Վաքըֆլաում կա 35 տուն, որտեղ ընդհանուր առմամբ 130 մարդ է բնակվում։ Գյուղի բնակչության շրջանում տարերային աղետի հետևանքով զոհեր չեն գրանցվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով երեք հայկական եկեղեցի է վնասվել: