ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Իտալիայի հետ մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ հնարավոր է ամրապնդել քաղաքական, տնտեսական ոլորտներում առկա ինտենսիվ հարաբերությունները։ Այս մասին նա ասել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի հետ հանդիպմանը,հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի փորձով՝ մեր երկրում այդ կարողությունները զարգացնելու նպատակով»,– ասել է Փաշինյանը։
Սանջուլիանոն նշել է, որ երկկողմ պատմական կապերը լավ հիմք են` նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը:
Իտալիայի մշակույթի նախարարի խոսքով՝ հայ գործընկերների հետ քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը:
Նա հավելել է նաև, որ պատրաստ են օժանդակել մշակույթի բնագավառի մասնագետների վերապատրաստմանը և ուսանողների համար կազմակերպել կրթական դասընթացներ: